Ճեմարանն իմ պատուհանն է դեպի աշխարհ. Էդվարդ Խաչատրյան

Մեծարգո՛ պարոն Ալիխանյան, տնօրենության անձնակազմ, տիկին Զառա, տիկին Աննա, սիրելի ուսուցիչներ և ճեմարանականներ։ Անչափ շնորհակալ եմ և պատիվ եմ համարում այսօր իմ սրտի խոսքը հղել ձեզ բոլորիդ։ Քանի որ ես առաջին իսկ դասարանից սովորում եմ Ճեմարանում, այն իրոք դարձել է ինձ համար հարազատ վայր և տուն։

 

Եթե լինեմ անկեղծ, ապա պետք է ասեմ, որ ես բազմիցս ինձ տվել եմ հետևյալ հարցը. «Ի՞նչ է ինձ համար ճեմարանը»։ Եվ ահա այստեղ և այսօր բոլորիդ առաջ ցանկանում եմ տալ ինձ այդքան շատ հուզող հարցի պատասխանը։

 

Ճեմարանը ինձ համար տուն է, քանի որ ես իմ ապրած 17 տարիներից 11-ը անցկացրել եմ այստեղ՝ ճեմարանում։ Այսինքն մանկությանս ու պատանեկությանս լավագույն տարիները։ Այստեղ եմ ճանաչել բոլոր հույզերը՝ սեր, հիասթափություն, հուսահատություն, ոգևորություն։ Այստեղ ինձ ճանաչում է ամեն մի թուփ, ամեն մի քար, ամեն մի անկյուն։ Ճեմարանս ինձ հետ մեծացել է, մեծացել են նաև իմ շատ սիրելի, հոգատար, բանիմաց, նվիրված ուսուցիչներս, որոնց ուզում եմ մեկ առ մեկ գրկել ու երախտիքի խոսք ասել։ Մենք մեծացել ենք և դարձել ենք ավելի ուժեղ, ավելի հզոր։

 

Ճեմարանը իմ ընտանիքն է. չէ՞ որ, հենց ընտանիքն է ծաղկեցնում տան պատերը և վառում տան լույսերը։ Այս տարիների ընթացքւմ ճեմարանական անձնակազմից և աշակերտներից յուրաքանչյուրը դարձել է իմ ընտանիքի անդամ։

 

Ճեմարանը իմ շրջապատն է։ Այստեղ ես ձեռք եմ բերել բազմաթիվ ընկերներ, ովքեր իմ կողքին են եղել թե՛ ուրախ և թե՛ դժվարին օրերին։

 

Ճեմարանը իմ փոքր Հայաստանն է։ Չնայած այն բանին՝ որ ճեմարանը համարվում է միջազգային կրթահամալիր, սակայն այստեղ եմ ես առաջին անգամ հասկացել «հայրենիք»  բառի իմաստը, այստեղ եմ զգացել հայեցին ու հայկականը, այստեղ է, որ մեր մեջ սերմանվել են Հայրենասիրություն և Հային վայել պահվածք։

 

Ճեմարանը իմ հոգևոր սննդի և գիտելիքների աղբյուրն է։ Այստեղ եմ ես ձեռք բերել իմ բոլոր հմտությունները և այստեղ եմ ես դարձել այն, ով այսօր ես կամ։

 

Ճեմարանը իմ պատուհանն է դեպի աշխարհ։ Լինելով ճեմարանական՝ վերջին երկու տարիների ընթացքում սովորել եմ Դիպլոմային ծրագրում։ Այս ծրագրի շնորհիվ ձեռք եմ բերել անգին գիտելիքներ, որոնք ինձ թուլյ են տալիս վստահ ոտք դնել կյանքի այլ հարթակ։ Այստեղ ես դարձել եմ լայնախոհ, ակտիվ անհատ,  ով հոգ է տանում իր շրջակա միջավայրի և հասարակության մասին։ Այստեղ մենք սովորել ենք պայքարել, չհանձնվել ու հաղթել, և վերջապես սովորել ենք գնահատել կյանքի իրական արժեքները և մարդկանց, ովքեր մեր կողքին են։

 

Իմ կյանքում Ճեմարանը ոչ միայն իմ անցյալն է, այլև  իմ ներկան է, և համոզված եմ, որ Ճեմարանը նաև իմ փայլուն ապագան է, քանի որ հենց Ճեմարանն է իմ առջև բացել լուսավոր ապագայի դռները։

 

Եվ այս ամենի համար նորից ու նորից իմ և բոլոր ճեմարանականների անունից ասում եմ շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ՝ Պարոն Ալիխանյան, ճեմարանի ողջ աշխատակազմ, Տիկին Զառա, Տիկին Աննա, սիրելի ուսուցիչներ։ Խոնարհվում եմ ձեր բոլորի առաջ՝ այսօր, այստեղ և ամենուր։ Եվ վստահեցնում եմ ձեզ՝ ուր էլ որ լինեմ, ինչ էլ որ դառնամ, միշտ  հպարտ կասեմ՝ Ես ճեմարանական եմ: Ես սովորել եմ Շիրակացու Ճեմարանում։

Էդվարդ Խաչատրյան

Դիպլոմային ծրագրի շրջանավարտ

 

Ճեմարանն իմ պատուհանն է դեպի աշխարհ. Էդվարդ Խաչատրյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *