Ա. Մանուչարյան. «Ձեր ամենակարևոր առաքելություններից մեկը հասկանալն է»

Մայիսի 28-ին Ավագ դպրոցի տողանը տոնական էր՝ նվիրված Անկախության օրվան:

 

Ավագ դպրոցի սաները հյուրընկալել էին հայ քաղաքական և հասարակական գործիչ Աշոտ Մանուչարյանին: Հանդիպումը անցկացվեց հարցուպատասխանի ձևաչափով, որը վարում էր ավագ դպրոցի սան Հայկ Կարապետյանը: Հարցերը շատ էին և բազմազան՝ սկսած Անկախության ընդունումից մինչև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր ու կրթական համակարգ:

 

Կարևոր խորհուրդը, որ հյուրը դահլիճում հավաքված սաներին ասաց՝ ուղղված էր հասկանալու կարևորագույն առաքելությանը. «Դուք իրականում հասկանում եք, երբ ձեր էության բոլոր ուժերը փորձում են այդ ինչ որ բանը կլանել, իսկ եթե աշխատում է միայն ուղեղը, որը շատ բարդ գործիք է, հազար ու մի բան կարող է բաց թողնել:

 

Ուրեմն փորձեք հասկանալ՝ ինչ է կյանքը, ով եք դուք, ինչու եք դուք ծնվել, այդ ամենը ինչ է նշանակում, այդ ամենը եթե չհասկացաք, ձեզ համար շատ դժվար է լինելու մարդ լինել»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

 

Հիշատակելով Կասկադում վեր խոյացող ճարտարապետական կոթողը, ներկայացնելով կոթողի յուրաքանչյուր դետալի իմաստը, հատկապես ընդգծեց հասկի գաղափարը. «Միայն հայերենում է, որ հասկանալ բառը նշանակում երկու բան, մեկը՝ հասկանալ ուղեղով, մյուսը՝ հասկ դառնալ, վերածվել հասկի. հասկը մարդկային էության բոլոր ուժերի ամբողջականություն է,- ասաց նա,- և ուրեմն թող ճարտարապետական այդ կոթողը, որտեղ պատկերված է նաև հասկը, միշտ հիշեցում լինի, որ դուք մարդ եք, ունեք հոգի և ձեր կարևորագույն առաքելություններից մեկը հասկանալն է»:

 

Ա. Մանուչարյան. «Ձեր ամենակարևոր առաքելություններից մեկը հասկանալն է»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *