Երբ հաղթահարում ենք խոչընդոտները՝ իրար ոգեշնչելով

«Սեպտեմբերի 16-ին «Խարույկ» արշավախմբի հետ 1083 և 1085 խմբերի սաները ուղևորվեցին դեպի քառագագաթ Արագածի հարավային գագաթը: Մեր լեռնագնացությունը սկսվեց Արագածի լանջերին փռված Քարի լճից:
Ամբողջ արշավը հագեցած էր դժվարություններով ու խոչընդոտներով, սակայն մենք հաղթահարեցինք դրանք՝ իրար օգնելով ու ոգեշնչելով: Մեր տղաներն ասպետաբար օգնում էին աղջիկներին՝ ցանկանալով փոքր-ինչ մեղմել ուղևորության պատճառած անհանգստությունը:
Ճանապարհին երգեցինք տարբեր հայրենասիրական երգեր, փորձեցինք հայի ոգին բարձր պահել մեր ազգի համար կենսական նշանակություն ունեցող մի վայրում`լեռներում:
Վերջապես, անցնելով մոտ 14 կիլոմետր ճանապարհ, հասանք գագաթին: Մեր շուրջը, մեր առջև մի իրական ու անկրկնելի գեղեցկություն էր, որն ամբողջովին նկարագրել չի կարող որևէ պերճախոս արտահայտություն: Չորս գագաթների մեջտեղում մինչ այդ չտեսնված աշխարհ էր. քառագագաթ հսկայի կենտրոնում մի խառնարան էր տարածվում, իսկ մեր ոտքերի տակ Քարի լիճն էր, լեռան ամբողջ ստորոտը ու կարծես ողջ Հայոց աշխարհը, որ մի գրկաչափ էր թվում: Գագաթին պարեցինք հաղթական ու ժողովրդական պարեր: Ճիշտ է, ձյուն էր տեղում, բայց մենք շարունակում էինք երգել ու պարել՝ մեղմելով սառնաշունչ եղանակը մեր տրամադրությամբ և հոգու ջերմությամբ:
Եղանակի պատճառով, ցավոք, որոշեցինք վերադառնալ մի փոքր շուտ: Պարզապես հարստացած ու լիացած եմ բոլոր այն տպավորություններով, որ բերեցի ինձ հետ: Առաջին իսկ հնարավորության դեպքում նորից կուզենայի հայտնվել այնտեղ, վայելել երբեք չմոռացվող ու հպարտություն պարգևող այդ տեսարանը, թեկուզև ստիպված լինեի անցնել երիցս խրթին մի ճանապարհ»,- արշավի մասին գրում է 1085 խմբի սան Մանե Մկրտչյանը:
Երբ հաղթահարում ենք խոչընդոտները՝ իրար ոգեշնչելով

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *