Դիպլոմային ծրագրի սաների այցը Գյումրի

Հոկտեմբերի 28-ին Գյումրիում իրականացվեցին CAS ծրագիրը ՄԲԴԾ գրականություն առարկայի շրջանակում և բաց դաս՝ «Ավ. Իսահակյանի «Համբերանքի չիբուխը» պատմվածքի գաղափարը և փիլիսոփայությունը» թեմայով:

 

ՄԲԴԾ սաները նախապես ստացած առաջադրանքի (կազմել սահիկաշար «Իմաստախոս Իսահակյանը›› թեմայով և մեկնաբանել) հիման վրա պատրաստել էին ինտերակտիվ քննարկում, որին մասնակցում էին Գյումրիի և Վանաձորի՝ Իսահակյանի տուն-թանգարան այցելած դպրոցականները, ինչպես նաև ուսուցիչներ, հուշատուն-թանգարանի աշխատակիցներ, ուսանողներ և գյումրեցի գրողներ, ՀՀ գրողների միության անդամներ Արա Արթյանը և Հակոբ Մուշը:

 

Սաները երկու տարբեր խմբերով ներկայացրին իրենց պատրաստած սահիկաշարերը, ներկաների հետ անցկացրին ինտերակտիվ քննարկում «Իմաստախոս Իսահակյանը» թեմայով՝ մասնակից հյուրերին  զարմացնելով և հիացնելով ոչ միայն նյութի հրաշալի մեկնաբանությամբ, այլև գեղեցիկ, անկաշկանդ  և հայեցի խոսքով: Այնուհետև ՄԲԴԾ գրականության ուսուցիչ Անի Պապոյանը սաների և  ներկաների ակտիվ մասնակցությամբ վարեց ինտերակտիվ բաց դաս՝ անդրադառնալով Իսահակյանի «Համբերանքի չիբուխը» պատմվածքի գաղափարին և փիլիսոփայությանը, ինչը անմիջականորեն առնչվում էր սաների կատարած հետազոտությունների հետ: Այսպիսով՝ ներկաները վայելեցին Իսահակյանի իմաստախոսությունները, կատարեցին վերլուծություններ և յուրօրինակ մեկնաբանություններ՝ վայելելով հուշատուն-թանգարանի ջերմ, հյուրընկալ մթնոլորտը և գյումրեցիների բարի վերաբերմունքը: Այնուհետև շրջայց կատարեցին թանգարանում՝ ամփոփելով մեծ Վարպետի և նրա ապրած ժամանակաշրջանի ու ստեղծագործության մասին պատկերացումները:

 

Միջոցառման ավարտին սաները Իսահակյանի հուշատուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանի  կողմից ստացան հավաստագրեր, իսկ ուսուցիչ Անի Պապոյանը և մանկավարժ Արթուր Տաշչյանը՝ շնորհակալագրեր միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար:

 

Սաները նաև ժամանակ ունեցան ծանոթանալու հայկական յուրօրինակ մշակույթ ունեցող Գյումրի քաղաքին և կոլորիտին:

Էքսկուրսիայի ընթացքում ԴԾ սաները հանդիպեցին նաև Շիրակի թեմի առաջնորդ  Միքայել եպս. Աջապահյանի հետ, ինչպես նաև այցելեցին Գյումրիի արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկը՝ Լենտեքս գործարան, ծանոթացան արտադրական ողջ գործընթացին: Հասցրին շրջել նաև քաղաքով:

 

ԴԾ սաները CAS ծրագրի շրջանակում, որպես ծառայություն, իրականացրին մաքրման աշխատանքներ Երևան-Գյումրի մայրուղու Մաստարայի հատվածի տարածքում:

 

Ամփոփելով Գյումրիում անցկացրած օրը՝ պետք է ասել, որ տպավորությունները աննկարագրելի էին, բոլորի տրամադրությունը՝ բարձր: Օրը հաջողված էր ու արդյունավետ:

 

ՄԲԴԾ գրականության ուսուցիչ Անի Պապոյան

Դիպլոմային ծրագրի սաների այցը Գյումրի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *