Դիպլոմային ծրագիր. հնարավորություն սովորելու աշխարհի լավագույն բուհերում

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի սան Դավիթ Մուսայելյանն օրեր առաջ ստացավ սպասված նամակն այն մասին, որ արդեն ընդունվել է Չիկագոյի համալսարան՝ սովորելու զուգահեռաբար կիրառական մաթեմատիկա և տնտեսագիտություն:

 

«Ես արդեն ունեի իմ ընկեր Կարեն Քրմոյանի փորձը, ով համարձակվեց դիմել և ընդունվել նույն համալսարանը և արդեն սովորում է այնտեղ, դա ինձ ոգևորեց և ես էլ համարձակվեցի ու հաջողեցի ընդունվել աշխարհի լավագույն բուհերից մեկը»,- ասում է Դավիթը և վստահեցնում, որ  ուսումն ավարտելուց հետո վերադառնալու է Հայաստան՝ աշխատելու իր մասնագիտությամբ:

Դավիթ Մուսայելյանի մասին պատմող Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

Ճեմարանում Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագիրը ներդրվել է 2014թ.-ից և նախատեսված է Հայաստանի Հանրապետության և այլ երկրների ավագ դպրոցների 10-րդ դասարանն ավարտած աշակերտների համար:

 

2016թ-ին Դիպլոմային ծրագրի 12, իսկ 2017թ.-ին՝ 6 շրջանավարտներն էլ ստացել են Միջազգային բակալավրիատի ավարտական դիպլոմներ՝ International Baccalaureate Diploma,  որը նրանց հնարավորություն է տվել ընդունվել աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններ:

 

«Աշխարհի առաջատար 3000-ից ավել  բուհեր այնքան են վստահում ՄԲ Դիպլոմային ծրագրի արդյունքներին, որ նրա շրջանավարտներին հնարավորություն են տալիս առանց ընդունելության քննությունների շարունակել բարձրագույն կրթությունը այն բուհերում, որտեղ կընդունվեն շրջանավարտները»,- ասում է ԴԾ համակարգող Աննա Ստեփանյանը:

 

Արդյունքն աննախադեպ է ոչ միայն դիպլոմներ ստացած շրջանավարտների թվով, այլև երկու տարի շարունակ  քննությունների արդյունքում ցուցաբերած 100% ցուցանիշով:

 

Երկրորդ տարին անընդմեջ ճեմարանի սաների քննությունների միջին արդյունքը գերազանցել է աշխարհի միջին ցուցանիշը. առավելագույն 45 միավորից աշխարհի միջին գնահատականը 29.95 է, ճեմարանականներինը` 37:

 

Բացի այդ, աշխարհի  միայն 218 ուսանողների է հաջողվել նվաճել բարձրագույն շեմը (45 միավոր)՝ այդ թվում նաև Ճեմարանի սան Կարեն Քրմոյանին:

 

Կարեն Քրմոյանը ամբողջական կրթաթոշակով ընդունվել և այժմ սովորում է Չիկագոյի համալսարանում:

 

Մյուս շրջանավարտները նույնպես ընտրել, ընդունվել և սովորում են աշխարհի վարկանշային աղյուսակում լավագույնը համարվող բուհերում. դրանք են` Հունաստանի Շեֆֆիլդի համալսարանը, Տորոնտոյի համալսարանը, Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանը, Չինաստանի Յոնսայ և Ֆուդան համլսարանները, Պրահայի տեխնիկական համալսարանը, Ուտրեխտի համալսարանը, Մադրիդի «Ինստիտուտ Դե Էմպրեսա»-ն, Վարշավայի համալսարանը, Պրահայի Չալզ համալսարանը, Ռայլ-Վաալ համալսարանը և այլն:

 

Այս տարի ևս ճեմարանական 12 շրջանավարտներ կհամալրեն աշխարհի 152 երկրների 1.7 միլիոն Դիպլոմային ծրագրի շրջանավարտների շարքերը (որոնց թիվն, ի դեպ, նախորդ տարվա համեմատ աճել է 6.42 տոկոսով):

 

Դիպլոմային ծրագիր. հնարավորություն սովորելու աշխարհի լավագույն բուհերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *