Ցուցահանդես՝ «Հովհաննես Այվազովսկի. արարում»

Դեկտեմբերի 15-ն ավագ դպրոցի 1083 և 1085 խմբերը այցելեցին Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հովհաննես Այվազովսկի. Արարում» խորագրով ցուցահանդեսը:

 

Ցուցահանդեսի «աստղային» կտավը «Քաոս։ Աշխարհի արարում» հռչակավոր կտավն է: Մոնումենտալ այս կտավի հիմքում աշխարհի արարման մասին աստվածաշնչյան սյուժեն է. նկարիչը Աստծո հոգին ներկայացրել է լույսի տեսքով, որը մռայլ ամպերի արանքից դուրս է գալիս: Այս կտավը պատմական է բոլոր առումներով. այն հիշեցրեց բոլորիս Աստծո գոյության մասին:

 

Այվազովսկին «Քաոս» կտավը նվիրել էր Հռոմի Պապին 1841 թվականին: Հռոմի պապ Գրիգոր 16-րդը՝ 26-ամյա Հովհաննես Այվազովսկուն շնորհել է պապական բարձրագույն պարգևը՝ ոսկե շքանշանը և հատուկ կոնդակով «Քաոս» կտավը հռչակել Վատիկանի պատկերասրահի սեփականություն: Անցյալ դարի սկզբին պապ Լեոն 13-ը նվիրել է կտավը Վենետիկի Մխիթարյան միաբանությանը:

 

«Նոյը իջնում է Արարատից» կտավը մեզ հիշեցրեց մեր սրբազան Հայրենիքը: Կտավում պատկերված է Հին կտակարանից հատված, երբ Նոյը Համաշխարհային ջրհեղեղից հետո իջնում է Արարատ սարից։ Հովհաննես Այվազովսկին Մեծ ջրհեղեղից հետո կտավում ճնշող դատարկություն է պատկերել, որի ֆոնին վեհությամբ բարձրանում է Արարատ լեռը։ Սարից իջնող մարդկանց փոքր ֆիգուրներն ու Արարատի մեծությունը կարծես հաստատում են բիբլիական անխուսափելիությունը:

 

Մեծ հպարտությամբ դիտեցինք Այվազովսկու «Բայրոնի այցը Սխիթարյաններին Ս. Ղազար կղզում» կտավը: 19-րդ դարի անգլիացի բանաստեղծ, Եվրոպայի մեծագույն գրողներից մեկը Ջորդ Բայրոնը 1816թ-ին այցելում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան Միաբանության վանականներին: Հովհաննես Այվազովսկ պատկերելէ կտավում հենց այդ պահը՝ հայ վանականները դիմավորում են մեծ հայագետին:

 

Բայրոնի այս արտահայտությունը հայոց լեզվի մասին, հիրավի, նշանավոր է դարձել. «Ես սովորել եմ հայերի լեզուն, որպեսզի հասկանամ՝ ինչ լեզվով են խոսել աստվածները, քանզի հայոց լեզուն աստվածների լեզու է… Եվ Հայաստանն աստվածների հայրենիք է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են»:

 

Ցուցահանդեսում ներկայացված էին նաև Այվազովսկու մանրանկար աշխատանքները, զարդեր՝ ճարմանդը և ապարանջանը, որը Այվազովսկին նվիրել է իր դուստրերից մեկին, ամենայն հավանականությամբ՝ Ալեքսանդրիային, ինչի մասին է վկայում ապարանջանի վրայի «Ա» տառը։

 

Դիտեցինք գրչով, մատիտով, պաստելով եւ ջրաներկով արված գրաֆիկական թերթերը, որոնք շատ ռեալիստական են։ Ինչպես վկայում են նկարչի կենսագիրները, նրա առաջին նկարները եղել են կավճով եւ ածուխով՝ շենքերի պատերին, գրչով ու մատիտով՝ թերթերի ու գրքերի վրա:

 

Ցուցահանդես՝ «Հովհաննես Այվազովսկի. արարում»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *