Կարևորելով սաների մոտ ճանաչողական և քննադատական մտածողության ձևավորումն ու զարգացումը՝ Ճեմարանը մշտապես փորձում է նորանոր հնարավորություններ ստեղծել նրանց համար՝ զարգացնելու այդ հմտությունները ոչ միայն տեսականորեն և դասաժամի շրջանակում, այլ այդ ամենը գործնականում և անմիջապես առնչակից կիրառողներից տեսնելու և լսելու միջոցով:
Նոյեմբերի 18-ին Դիպլոմային ծրագրի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողները՝ ֆրանսերենի ուսուցչուհի Անահիտ Ղարաղազարյանի ուղեկցությամբ, այցելեցին «Մեդիամաքս» լրատվական գործակալություն՝ նրանց օրինակով ծանոթանալու հանրային կարծիք ձևավորելու գործընթացում կարևորագույն դերակատարություն ունեցող և 4-րդ իշխանություն համարվող լրատվամիջոցների դերին և նշանակությանը:
Ճեմարանականներին հյուրընկալեց կենտրոնի փոխտնօրեն, գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, ով խոսեց տեղեկատվական պատերազմների և մեդիամանիպուլացիաների մասին և ուշագրավ փաստեր ներկայացրեց կիրառվող մի շարք հնարքների և դրանցից բխող հետևանքների մասին:
Անմիջական հարցուպատասխանի միջոցով սաները կիսվեցին իրենց համարձակ դիտարկումներով:
«Նման ձևաչափով հանդիպումներն իրապես կարևոր և օգտակար են երիտասարդների համար, թե լայն աշխարհայացք ձևավորելու, թե տեղեկացված լինելու, և հետաբար վերլուծական միտք զարգացնելու առումով»,- նշեց Անահիտ Ղարաղազարյանը: