Ճեմարանականներն այցելեցին ՀՀ փաստաբանների պալատ

6«Մասնագիտությունների հետ գործնական ծանոթացում» ծրագրի շրջանակում ճեմարանի 11-րդ դասարանների սաները, ինչպես նաև մի խումբ հետաքրքրված ճեմարանականներ մանկավարժների և ուսուցիչ Գայանե Վարդանյանի նախաձեռնությամբ ու ուղեկցությամբ հոկտեմբերի 30-ին այցելեցին ՀՀ փաստաբանների պալատ։

 

Նախաձեռնությանը միացել էին ոչ միայն այն սաները, ովքեր մտադիր են հետագայում մասնագիտանալու իրավաբանության և փաստաբանության ոլորտներում, այլև այլ մասնագիտական կողմնորոշում ունեցողներ։

 

Ճեմարանականներին սիրով դիմավորեցին ՀՀ փաստաբանների պալատում, և նախքան պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կընդուներ նրանց, աշխատակազմի ղեկավար Մանե Կարապետյանը և մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը ուղեկցեցին դեպի ՀՀ փաստաբանական դպրոց, որտեղ մեկ տարի ուսանելով՝ իրավաբանական կրթություն ունեցող անձինք ստանում են մասնագիտական լրացուցիչ գիտելիքներ, ձեռք բերում անհրաժեշտ հմտություններ փաստաբանական ոլորտում։

 

1Ճեմարանականներին ներկայացվեց պալատի գործունեության էությունը, իսկ նրանք այդ ընթացքում հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղել թե՛ աշխատակազմի ղեկավարին, թե՛ մամուլի խոսնակին՝ ստանալով սպառիչ պատասխաններ։

 

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ հանդիպումը ևս անցավ շատ ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում։ Պարոն Զոհրաբյանը սիրով և անմիջականությամբ ներկայացրեց փաստաբանի մասնագիտության յուրահատկություններն ու պալատի գործունեության առանձնահատկությունները, սիրով պատասխանեց ճեմարանականների հնչեցրած հարցերին, նաև արդարադատության ոլորտի վերաբերյալ հարցեր ուղղեց վերջիններիս։

 

Նմանատիպ հանդիպումները մեծապես օգնում են հետագայում մասնագիտական կողմնորոշման, ինչպես նաև ՀՀ շատ կառույցների գործունեության և դրանց գործառույթների մասին գիտելիքների ձեռքբերման ու ամրապնդման գործում։

 

Հեղինակ՝ Գայանե Մխոյան

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Ճեմարանականներն այցելեցին ՀՀ փաստաբանների պալատ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *