Ճեմարանականները «գրավեցին» Հատիս լեռան գագաթը

OLYMPUS DIGITAL CAMERAԱնանիա Շիրակացու անվան ճեմարանի և «Աշխարհազոր» հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքում կազմակերպվեց արշավ 11-րդ դասարանցիների համար: Արշավի նպատակակետն էր Հատիս լեռան գագաթի «գրավումը»: Այն խորհրդանշական էր. ճանապարհի դժվարությունները հաղթահարելով՝ հասնել գագաթին, ինչպես կյանքում, խոչընդոտներն ու բարդությունները հաղթահարելով, պիտի հասնենք մեր բոլոր նպատակներին և նվիրական երազանքներին: Ճեմարանականները մեծ պատասխանատվությամբ և արժանապատվությամբ կատարեցին իրենց առջև դրված առաջադրանքը: Արշավը լի էր հետաքրքրաշարժ արկածներով և փորձություններով: Երբեմն նպատակակետը բավական հեռու և անհասանելի էր թվում, քանի որ հասնելով այն կետին, որ մի քանի քայլ առաջ գագաթնակետն էր թվում, սաների առաջ բացվում էր մի նոր խորդուբորդ ճանապարհ, որ տանում էր դեպի սարի գագաթը: Այնուամենայնիվ, համառ ու նպատակասլաց սաները բոլորն էլ հասան իրենց նպատակակետին՝ Հատիս լեռան գագաթ: Այնտեղ ճեմարանականները հպարտությամբ ամրացրին 22Անանիա Շիրակացու անվան ճեմարանի դրոշը և հայրենասիրական երգերի ներքո պարեցին հայկական քոչարին: Արշավի ընթացքում ճեմարանականները դրսևորեցին այն բոլոր հատկանիշները, որոնք բնորոշ են միջազգային բակալավրիատի սաներին: Աչքի էին ընկնում հոգատար սաները, որոնք ճանապարհին օգնում էին բոլոր նրանց, ովքեր զգում էին օգնության կարիք: Համարձակ, սկզբունքային, հավասարակշռված, հաղորդակցվող, մտածող և բանիմաց ճեմարանականները «գրավեցին» Հատիս լեռան գագաթը: Հաղթահարելով այդ դժվարությունները՝ որոշեցինք մեր արշավը վերածել ուխտագնացության: Լեռան լանջին գտնվող Կապուտան գյուղում կար մի բլուր, որի գագաթին էլ գտնվում էր Սուրբ Մինասի եկեղեցին կամ, ինչպես գյուղի բնակիչերն են անվանում, Կապտավանքը: Ճանապարհին անչափ բարեհամբույր և հյուրասեր բնակիչներն օգնեցին մեզ հագեցնել մեր ծարավը և ուղևորվել դեպի եկեղեցի: Բազմաթիվ փորձություններ անցնելուց հետո հասանք եկեղեցի, մեր խնդրանքներն ու շնորհակալության խոսքը հայտնեցինք Աստծուն և ուժասպառ, բայց հոգեպես հարստացած ու բավարարված վերադարձանք տուն:

 

1162 խմբի սան Էլինա Հովակիմյան

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Ճեմարանականները «գրավեցին» Հատիս լեռան գագաթը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *