Ճեմարանում մեկնարկում է բնապահպանական ծրագիր, որի շրջանակում կկազմավորվեն բնապահպան-ակտիվիստների խմբեր, որոնք հնարավորություն կունենան մասնակցելու ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնություններին: Այսօր բնապահպաական թեմաներով հետաքրքրված սաները, ճեմարանի աշակերտական խորհրդի գլխավորությամբ, հանդիպում ունեցան բնապահպանության փոխնախարար, ճեմարանի նախկին փոխտնօրեն Խաչիկ Հակոբյանի հետ՝ քննարկելով բնապահպանական մի շարք խնդիրներ: Առավել նպատակային և թիրախավորված աշխատանքների սկիզբ դնելու նպատակով փոխնախարարը ճեմարանականներին նախևառաջ ծանոթացրեց Հայաստանի բնապահպանության նախարարության
կառուցվածքին, աշխատանքին, բնապահպանական գլխավոր խնդիրներին և իրականացվող ծրագրերին: «Կանաչ գործերով» հետաքրքրված երիտասարդներին պարոն Հակոբյանը քաջալերեց լինել ակտիվ՝ համոզմունք հայտնելով, որ հենց նրանց շնորհիվ կարող են կյանքի կոչվել լավագույն նախաձեռնությունները, լուծվել բնապահպանական բազմաթիվ խնդիրներ: Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ շրջակա միջավայրի հետ կապված մի շարք խնդիրներ լուծելու համար այսօր արդեն ներդրվում են ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնցից ակնկալվում է բարձր արդյունավետություն մոտ ապագայում:
Ճեմարանականները մի շարք հարցեր ուղղեցին պարոն Հակոբյանին՝ կապված անտառահատումների դեմ պայքարի, ջրային ռեսուրսների, թափոնների կառավարման, բնության հուշարձանների և այլնի հետ՝ միաժամանակ ներկայացնելով առաջարկներ:
Ծավալված զրույցն իր կառուցողական մոտեցումներով և հետաքրքիր առաջարկներով խոստանում է լինել շարունակական՝ վերածվելով բնապահպանական կոնկրետ քայլերի և ծրագրերի իրագործման…
Անանիա Շիրակակացու անվան ճեմարանը մշտապես աչքի է ընկել իր բնապահպանական նախաձեռնություններով, շրջակա միջավայրի հանդեպ առանձնահատուկ հոգատար վերաբերմունքով, ինչի շարունակությունն է նաև բնապահպանության նախարարության ծրագրերում մասնակցություն ունենալու այս հնարավորությունը: