Ի՞նչ հնարավորություններ է տալիս Դիպլոմային ծրագիրը

Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագրի այս տարվա հաջողությունների պատմությամբ սկսեց ծրագրի ներկայացումը 10-րդ դասարանցիներին ԴԾ համակարգող Աննա Ստեփանյանը:

«Դիպլոմային ծրագրի բոլոր անդրանիկ 12 շրջանավարտներին շնորհվել են միջազգային բակալավրիատի դիպլոմներ, բոլորն էլ ընդունվել են այն համալսարանները, որոնք ընտրել էին նախապես, իսկ համալսարանների ցանկը բազմապիսի է և բավականին մեծ աշխարհագրություն ունի՝ Չինաստանից մինչև ԱՄՆ, Եվրոպական հայտնի համալսարաններից մինչև ԱՄԷ»,- ասաց Աննա Ստեփանյանը:

dsc_0442

Պետք է հատկապես նշել, որ հենց Դիպլոմային ծրագրով է սկիզբ առել Միջազգային բակալավրիատը, և որ այսօր այն մեծ ճանաչում ու ընդունելություն ունի աշխարհի լավագույն բուհերում:

«Ես ուզում եմ՝ դուք պատկերացնեք այն հնարավորությունները, որ ընձեռում է դիպլոմային ծրագիրը, և ամենակարևորը՝ աշխարհի առաջատար 3000-ից ավելի բուհեր այնքան են վստահում ՄԲ Դիպլոմային ծրագրի արդյունքներին, որ նրա շրջանավարտներին հնարավորություն են տալիս առանց ընդունելության քննությունների շարունակել բարձրագույն կրթությունը»,- ավելացրեց Աննա Ստեփանյանը:

img_0315-min

Ներկայացնելով դիպլոմային ծրագրի կառուցվածքը՝ Աննա Ստեփանյանը այն համեմատեց դեղձի կորիզի կամ երկիր մոլորակի հետ, որոնք ունեն կենտրոն, որը ձգում-պահում է հավասարակշռությունը. «Դիպլոմային ծրագրում այդ կենտրոնը  դուք եք, որ ճիշտ հմտություններով ու գիտելիքներով զինված պետք է կարողանաք դիմակայել ժամանակի հրամայականին, իսկ այդ  հմտությունները, զարգացնելու ենք միասին, որոնց շնորհիվ կկարողանաք ինքնառեալիզացվել, և որոնք ձեր ուղեկցորդները կլինեն ողջ կյանքի ընթացքում»,- ընդգծեց ԴԾ համակարգողը:

dsc_5757-min

Դեղձի պտղամիսը լրացնում են նաև 6 առարկայական խմբերը, որոնցից 3-ը խորքային, 3-ը՝ հենքային մակարդակով ընտրում են աշակերտները՝ առաջնորդվելով այն սկզբունքով, թե հետագայում որտեղ և ինչ մասնագիտությամբ են շարունակելու կրթությունը:

Ամփոփելով Դիպլոմային ծրագրի ներկայացումը՝ պետք է նշել՝ ծրագիրը զարգացնում է սովորողների քննադատական-վերլուծական միտքը, ինքնուրույն հետազոտական աշխատանքներ իրականացնելու և դրանց մասին գրելու կարողությունը, մղում ստեղծագործական աշխատանքի, հանրային ակտիվ գործունեության. «Ամենակարևորը՝ վերջնարդյունքն է, որին ձգտում ենք, առաքելությունը, որն իրականացնում է Միջազգային բակալավրիատի ծրագիրը: Պետք է լինել հետաքրքրասեր, բանիմաց, հոգատար երիտասարդներ, ովքեր կստեղծեն ավելի լավ ու ավելի խաղաղ աշխարհ միջմշակութային փոխըմբռնման և հարգանքի շնորհիվ»,- եզրափակեց իր խոսքը Աննա Ստեփանյանը:

dsc_5471-min

Հ.Գ. Դիպլոմային ծրագրի նախապատրաստական դասընթացները կմեկնարկեն հոկտեմբերից, որի մասին լրացուցիչ տեղեկություններ կլինեն առաջիկայում:

Ի՞նչ հնարավորություններ է տալիս Դիպլոմային ծրագիրը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *