Անանիա Շիրակացու անվան ճեմարանի դիպլոմային ծրագրի սաները՝ որպես Միջազգային բակալավրիատի մեծ ընտանիքի անդամներ, Իսպանիայի Բարսելանո քաղաքում մասնակցեցին «Նորագույն տեխնոլոգիաները գլոբալ հասարակության մեջ» համաժողովին:
Համաժողովի բոլոր մասնակիցներն առաջին օրը հանդիպում ունեցան մասնագետների հետ, որոնց օգնությամբ ծանոթացան ռոբոտների, «խելացի» քաղաքների և նորագույն սարքավորումների: Այնուհետև կազմվեցին խմբեր տարբեր երկրների պատվիրակություններից, որոնց հանձնարարվեց քննարկել համաշխարհային կարևորություն ունեցող խնդիրներից մի քանիսը:
Համաժողովի կազմակերպիչները ներկայացրին խնդիրներ, որոնց լուծումները յուրաքանչյուր խումբ պետք է տար 3 օրվա ընթացքում: Օրվա առաջին կեսն անցնում էր խնդիրների լուծումները քննարկելով, իսկ դրանից հետո մասնակիցներին հնարավորություն էր տրվում այցելելու տեսարժան վայրեր:Հետաքրքիր էր աշխատել տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ, քննարկել տեսակետներ և ազատ ժամանակ վայելել՝ հաղորդակցվելով այլ մշակույթների: Չնայած ազգային, կրոնական և այլ տարբերություններին՝ նրանց միավորում էր մեկ ընդհանուր գաղափար. բոլորը մեծ երազանք ունեինք՝ փոխելու աշխարհը դեպի լավը: Ճեմարանի 7 սաներից կազմված պատվիրակությունն ապացուցեց, որ Հայաստանը ոչնչով չի զիջում աշխարհի բոլոր զարգացած երկրներին իր միջազգային մտածելակերպով, գիտելիքի պաշարով և մտքի թռիչքով: